Երևանում հրեա ու հայ ժողովուրդների ցեղասպանությունների հուշարձանը պղծելու դեպքի վերաբերյալ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել։
«Համացանցում հրապարակումներ են տարածվել, որ անհայտ անձինք պղծել են Երևանի Օղակաձև զբոսայգում տեղադրված Հոլոքոստի և Ցեղասպանության հուշարձանը: Դեպքի բացահայտման ուղղությամբ ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները ձեռնարկում են համապատասխան օպերատիվ-հետախուղական միջոցառումներ: Իրականացվել է դեպքի վայրի զննություն:
Հանգամանքները պարզվում են: Կատարվածի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում նյութեր են նախապատրաստվում», - նշված է ոստիկանության հաղորդագրության մեջ։